bannerbannerbanner
полная версияՎաղուց մեռածը

Egretta Garzetta
Վաղուց մեռածը

Ու՞ր են գնում։ Արազը զարմանալի հանգիստ էր, իսկ Արտեմը մեծ ջանք էր թափում, որ ցույց չտա հուզմունքը։ Այդ ապուշը այնպես էլ չսովորեց անտարբեր մնալու կանոնը։ Մի քիչ հուրի-փերիների փոշուց ու կգործեն հրաշքները, և վերջ բոլոր տվայտանքներին, պրոբլեմներին, պարտքերին ու ցավերին։

Մտքերի թելը կտրվեց երբ մեքենան դարձավ վաղուց հուշերի գրկում մնացած ճանապարհով։ Աչքերը քարացան ու դեմքը ձգվեց զարմանքից։ Եվս մի վայրկյան ու ավտոն կանգնեց ծանոթ տան առաջ։ Աչքերի մեջ բոցկլատին բարկության ու զարմանքի կայծեր։ Այստե՞ղ․․․

Լույսերը հանգած էին։ Տնեցիները քնած։

Արազը ղեկից ետ նայեց․ խորամանկ հայացքը թափանցեց մինչև հոգու խորքը։ Ի՞նչ է ուզում։ Վարդանը ջղայնացած դարձավ Արտեմին.

_Գիտեի՞ր, որ քրոջս տուն ենք գալու։ Արտեմը չպատասխանեց։ Խոր շունչ քաշեց ու դուրս եկավ։

Վարդանը շփեց ձեռքը մազոտ երեսին, զգաց որ հուզվում է։ Կրծեց շրթունքները ու դուրս եկավ։

_Ինչպե՞ս ես, Վարդա՞ն,_քմծիծաղը շրթունքներին հարցրեց Արազը։ Վարդանը վիրավորվեց մինչև սրտի խորքը։ Մի՞թե այսքան տարիների ընթացքում ինքը չի ապացուցել իր հավատարմությունը։

_Արազ կարող էիր ասե՛լ, որ քրոջս տուն ենք գալիս։ Ես մենա՛կ կգայի ու հանգիստ ամեն ինչ կանեի, առանց ավելորդ պրոբլեմների։

_Ո՛չ։ Ե՛ս պիտի վստահ լինեմ քո՛ մեջ։

_Ետ գնանք, Արո՛։

_Վարդա՜ն, սկսում եմ փոշմանել քեզ չափից ավելի վստահելու մեջ։

Վարդանը չպատասխանեց։ Բայց սիրտը տակնուվրա եղավ։

Վերջապես մտան բակ։ Նոր մեքենան կանգնած էր աջ մասում։ Լույսերը հանգած էին։ Բակը լուսավորում էր ավտոտնակի ճակատին գտնվող լամպերը։ Վարդանը նայեց վերև։ Այս սանդուղքով էր բարձրանում քույրը, հարսի շորով ու արցունքները աչքերին։ Քանի՞ տարի է անցել… երկու՞… Զեփյուռը իրենից փոքր էր տասներկու տարով։ Ինքը սաստիկ ջղայնացել էր, երբ հայրը որոշեց քրոջը տալ մոր անունը։ Նախնադարյան անուն… Զեփյուռ… ու հորը ինադու կանչում էր Զիտա, Զատի, Մոնի կամ Մոնիկա կամ ուրի՛շ անուն․․․ միայն թե չարտասանի՛ Զեփյուռ բառը։ Ինքը նրան միշտ վերաբերվել է ոչ թե ինչպես եղբայր, այլ ինչպես հա՛յր։ Քանի՜ անգամ է օրորոցային երգել նրա համար, գրկել ու ման եկել միայն թե Զիտան չլացի։ Քույրն էլ շատ էր կապված իրեն։ Բայց․․․ Երբ մտան գյուղ մտքում թվեց բոլորին, մոռանալով այն անձնավորությանը, որ սիրում էր իրեն նուրբ ու քնքուշ սիրով, սրտի ամբողջ ջերմությամբ ու միամիտ հավատով թե եղբայրը լավն է, անմեղ հրեշտակ… ու հիմա ինքը գողի՛ նման եկել է նրա տուն․․․ գիշերո՛վ, ծածու՛կ… մաքու՛ր երեսով ու բա՛ց ճակատով գալու փոխարե՛ն։ Ինչի՞ համար։ Փողի՛, թմրանյութերի՛, թե ինքնահաստատմա՞ն։ Ուրեմն զիտայենք մեքենա են վերցրել ինքը չի էլ իմացել։ Ուրիշ ի՞նչ է կատարվել քրոջ կյանքում ու ինքը չգիտի։ Ինչո՞ւ չգիտի։ Որովհետև հարազատներին մտքում թվելիս, միաժամանակ հաշվում էր իր եկամուտը․ ուղեղում անձնական շահերն էին պտտվում։

_Ի՛նչ շշմեցիր մնացի՛ր,_թևից քաշեց Արտեմը,_կանգնիր այնտե՛ղ, հսկի՛, եթե մեկը գա ազդանշան կտաս։ Իսկ ես ու Արոն բացենք մեքենան։

_Լա՛վ, արագացնե՛նք։ Պիտի լինի մի քանի տեղ։ Այս անգամ մեծ քանակությամբ են ուղարկել,_փսփսաց Արազը։ Հանեց գործիքների կապոցը գրպանից ու անցավ գործի։

Վարդանի սիրտը անհանգստությունից կրծքից դուրս էր գալու։ Առավոտյան ընդունածը կարծես քամին տարավ։ Թմրած ուղեղը սկսում էր արթնանալ ու սարսափ էր ապրում կատարվածից։ Ինչու՞ այսպես պտտվեց կյանքի անիվը։ Հանկարծ հասկացավ ինչն էր խլրտում մեջը ամբողջ ճանապարհին։ Ամոթ․․․ Այո ամոթ էր, վառող ու սպանիչ, խառնված սարսափին։ Մինչ ինքը ահ ու ամոթի զգացմունք էր ապրում, հանցակիցները բացել էին մեքենան ու հնարավորինս անձայն խուզարկում։ Բայց ինչո՞ւ ինքը չի բռնում ընկերների օձիքներից ու քաշում տանում այստեղից։ Սարսուռ անցավ մարմնով։ Փողը լրիվ կուրացրել է իրեն։ Վերջապես կարծես ավարտեցին գործը։ Արազը դժգոհ էր։

Рейтинг@Mail.ru