bannerbannerbanner
полная версияերկու արև

Egretta Garzetta
երկու արև

–Սրա՞ համար էիք այնքա՜ն ճանապարհ անցել,—բացականչեց Արմենը, երբ տեսավ Կամոյին կիթառը ձեռքում։

Երիտասարդը ժպտաց։

–Առանց սրա ես կյանք չունեմ։

Մի քանի անգամ նույնիսկ միասին երգեցին։ Տեղավորվում էին հիվանդանոցի առջևի պուրակի նստարաններին ու երգում։ Նման դեպքերում Նաիրան քաշվում էր հեռու, ու նրա ներկայությունը լրիվ մոռացվում էր։

Երբ Կամոն նվագում էր կամ երգում, նա միաձուլվում էր մեղեդու հետ, դառնում իսկական արև։

Արմենը թև էր առնում նրա կողքին։ Ասես կյանքը տվել էր հնարավորություն պտտել ժամանակի անիվը ետ ու վայելել սիրելի արվեստը, առանց որի գոյություն չէր պատկերացնում։ Հաճելի էր սուզվել այդ աշխարհը նորից։ Եթե բուժքույրերը չգային Կամոյի հետևից, ապա կարող էին մոռանալով ամեն ինչ երգել։ Լինում էին վայրկյանններ երբ Արմենի մեջ արմատ էին առնում երգով զբաղվելու իղձերը։ Բայց դա միայն ակնթարթային թուլություններ էին։ Իրականությունը արագ էր սթափեցնում ու վերադարձնում սովորական կյանք։ Սրտի խորքում զգում էր ափսոսանք չիրականացած երազանքների վերաբերյալ։ Ավելի հաճախ էր ուզում տեսնել Կամոյին։ Նրա ձիրքը երաժշտական արվեստի նկատմամբ բարի նախանձ էր առաջ բերում։ Թող գոնե մեկը այս աշխարհում հասնի նպատակին։ Թող աշխարհը վայելի նրա սքանչելի ձայնը։ Կամոն ուներ այն ինչ ինքը չի ունեցել երբե՛ք՝ խիզախությու՛ն, նպատակասլացությու՛ն ու գլխավորը՝ ծնողների օգնությու՛ն։ Արև-տղան պիտի ունենա արև ապագա։

Կամոյին դուրս գրեցին հիվանդանոցից։ Արմենի բազմաթիվ թախանձանքները չօգնեցին։ Նաիրան տարավ նրան ընկերուհու տուն։ Ու մնացին այնտեղ ևս մի շաբաթ։ Ապա մեկնելու էին Ռուսաստան։

Արմենին այս պահվածքը փախուստ էր հիշեցնում։ Չէ որ երիտասարդը լուրջ վնասվածքներ ուներ, ու վերականգնման երկար շրջան էր սպասում։ Անչափ հետաքրքիր էր ինչու՛։ Բայց և հասկանում էր, որ հարցնելու իրավունք չունի։ Նույնիսկ կինը՝ Վեռան նկատել էր Նաիրայի զգուշավոր վերաբերմունքը իրենց նկատմամբ։

Քանի մեկնելու օրը մոտենում էր, այնքան տագնապալի էր Նաիրայի տեսքը։

–Մա՜մ, ինչու ես այդքան հուզվում չեմ հասկանում,—հաճախ կրկնում էր որդին։

Վերջին օրերին խուճապի հասած տրամադրություն էր զգում այդ կնոջ մեջ։ Կարծես ինչ-որ բան ուզում է ասել։ Գնում էր գալիս, սակայն՝ լռում։

Եկավ ճանապարվելու օրը։

Կամոն բռնել էր հենակը։

–Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Արմե՛ն, ասես մեծ եղբայրս լինես։ Քո՛ մեջ ձեռք բերի մեծ եղբորս, ում երազել եմ ունենալ մանկուց․․․ սակայն բախտ չունեցա, ո՛չ քույր, ո՛չ էլ եղբայր ունենալ։

–Կամո՜,—կտրեց նրա խոսքը մայրը։

–Մա՜մ ջա՜ն։ Լա՜վ, լռում եմ, գնացի՛նք։ Եթե գաս Ռուսաստան իմացի՛ր, Սոչիում փոքր եղբայր ունես։ Մա՜մ, գնացի՛նք։

Այս խոսքերը արտասանելուց հետո երիտասարդը ժպտաց ու ճամփորդական պայուսակը հետևից քաշելով ուղղվեց դեպի օդանավակայանի շենքի մուտքը։

–Բարի թռիչք,—արև տղու հետևից մաղթեց Արմենը։

–Արմե՜ն,—հանկարծ ամուր սեղմեց նրա բազուկը Նաիրան, որի ներկայության մասին լրիվ մոռացել էր։

–Ի՞նչ։

–Դու չգիտես։ Կամո՜ն,—Նաիրայի ձեռքը դողդողաց ու ավելի ուժեղ սեղմեց Արմենի ձեռքը։ Աչքերը լցվեցին արցունքներով։

Рейтинг@Mail.ru