երկու արև

Egretta Garzetta
երկու արև

Գալի՜ս էին, անվե՜րջ գալիս էին։ Արմենը ծանր շնչեց։ Վերնաշապիկը արյունոտ էր։ Ու դա իր արյունը չէր։

Ինքնաթիռով պիտի գար, սակայն տոմս չլինելու պատճառով համաձայնվեց մեկնել ավտոբուսով։ Արդեն Հայաստանում էին, հայկական հողի վրա, ու կատարվեց այն ինչ հետո ոչ մեկը բացատրել չկարողացավ։ Երբ աչքերը բացեց, մշուշոտ հայացքով ընկալեց, որ գտնվում է ավտոբուսից դուրս հողի վրա, կողքին մի երիտասարդ էր պառկել։ Աչքերը փակեց։ Շտապ օգնության մեքենաներով իրեն ու մնացած ուղևորներին տեղափոխեցին մոտակա հիվանդանոց։ Պարզվեց որ ուղեղի ցնցումից բացի ինքը ուրիշ ոչ մի լուրջ վնասվածք չունի։ Կինն ու որդին Երևանից գալիս էին։

Հիվանդանոցի երկար միջանցքում մարդաշատ էր։ Հետաքրքիր է ինչպես է իր կողքը նստած տղան։ Շատ համակրելի ու հաճելի անձնավորություն։ Վեց ժամ լինելով իրար կողք՝ հասցրին ծանոթանալ։

Արմենը նայեց վերնաշապիկի ալ ու նույնիսկ սևացած կետերին՝ սա Կամոյի արյունն էր։ Բժիշկները իրեն կարգադրել էին մնալ հիվանդասենյակում, սակայն չէր կարող այնտեղ նստել ու եկել կանգնել էր Կամոյի դռան դիմաց։ Ինչքան սպասեց այնքան ժամանակը կամաց առաջ գնաց։ Ոչ մեկը դուրս չէր գալիս։ Չլինի թե՞․․․ չէ՛, չի կարող պատահել․․․ գնաց նստեց աթոռին, սակայն չհամբերեց, նորից ոտքի ելավ։ Ինչպե՞ս է այդ տղան։ Քանի՞ տարեկան էր, քսանչորս կարծես։ Զբաղվում է երաժշտությամբ, ընկերների հետ ունեն խմբակ, երգում է ու նվագում։ Արմենը նորից նստավ, փակեց աչքերը, զգում էր նմանություն իրենց մեջ։ Չէ որ ինքն էլ երգում․․․ ժամանակի՜ն․․․ երբ տասնյոթ տարեկան էր․ ու երբ դպրոց էր ավարտում, հայրը ստիպեց ընդունվել տնտեսական։ «Երգը արհեստ չի»։ Իսկ այս տղային հենց հայրն էր աջակցում ու քաջալերում։ Նախանձվե՞ց երիտասարդին։ Ո՛չ։ Ընդհակառակը, ուրախացավ, որ աշխարհում կան հայրեր, որոնք նեցուկ են դառնում որդիների երազանքներին։ Իսկ ի՜ր հայրը․․․ ու՞ր է հիմա․․․ գնաց խոպան ու կորավ․․․ հայտնի էլ չի կենդանի՞ է, թե՝ ո՛չ․․․

Վերջապես դռները բացվեցին ու բժիշները դուրս եկան։

–Դու՞ք․․․ այստեղ ի՞նչ եք անում․․․ ինչու պալատում չե՞ք․․․

–Ինչպե՞ս է նա։ Վիրահատությունը վաղուց վերջացել է։ Բերել եք պալատ, դուրս չեք գալիս։ Ինչպե՞ս է Կամոն,—հարցերին հարցով պատասխանեց Արմենը։

–Կապրի։ Գնացե՛ք ձեր պալատ,—կարգադրեց բժիշկը ու դարձավ բուժքրոջը,—ուղեկցե՛ք նրան հիվանդասենյակ, հետևե՛ք որ դուրս չգա։

–Չի՞ կարելի տեսնել Կամոյին։

–Ո՛չ։

–Գնացի՛նք,—վախվորած ասաց բուժքույրը։

Սակայն պալատում Արմենը երկար չմնաց, վերադարձավ Կամոյի մոտ, որոշեց, մինչև հարազատների գալը մնալ այստեղ։ Մնացած հիվանդների հետևից ընկած բժիշկները հազիվ թե նկատեն իր բացակայությունը։ Կամաց բացեց դուռը ու մտավ մեջ։ Կամոյի աչքերը փակ էին, ուրեմն քնած է։

Արմենը նստեց աթոռին ու մտահոգ նայեց երիտասարդի վիրահատությունից հետո գունատ դեմքին։ Հետաքրքիր բան, իրեն ոչի՜նչ չի եղել, իսկ այս տղան ջարդուփշուր է, աջ ձեռքը, ոտքը, երեք կող, էլ ի՜նչ մնաց․․․ Հարազատներն էլ Հայաստանում չեն։ Նրանք նույնիսկ չգիտե՛ն կատարվածի մասին։

Рейтинг@Mail.ru