bannerbannerbanner
полная версияերկու արև

Egretta Garzetta
երկու արև

–Ի՜նչ․․․ ձեզ ի՞նչ պատահեց։ Ջուր բերեմ։ Սպասեք կանչեմ Կամոյին։

Որդու անունը լսելով կինը ավելի շատ հուզվեց։

–Ո՜չ, ո՛չ․․․ նա ոչինչ չգիտի, ինչպես և դու․․․

Նաիրայի շրթունքները կծկվեցին։

–Ինչի՞ մասին եք խոսում։ Ինչու՞ վատացաք։

Կամոն արդեն հերթ էր զբաղեցնում որպեսզի անցնի ուղեբեռի ստուգումը։ Ժպտաց ու ձեռքով կանչեց մորը։

–Նա չգիտի՜, ինչպես և դու՛․․․ արդեն քանի օր է կրկնում է, որ դու նրա մեծ եղբայրն ես․․․ արդեն չեմ դիմանում․․․ վաղ թե ուշ իմանալու եք․․․

–Ի՞նչ պիտի իմանանք։ Հետո ի՜նչ որ կրկնում է։ Ես էլ անդադար ասում, որ նա ասես փոքր եղբայրս լինի․․․ շատ սիրեցի այդ տղային․․․

–Բայց դու իսկականում նրա մեծ եղբայրն ես․․․

Արմենին թվաց, թե Նաիրան զառանցում է։

–Ի՞նչ եք խոսում։ Չեմ հասկանում ձեզ։

Կինը բաց թողեց Արմենի ձեռքը ու շնջաց հազիվ լսելի․

–Երբ հանել ես նրան ավտոբուսի միջից․․․ եղբորդ ես փրկել Արմե՛ն, դու իրավունք ունես իմանալ ճշմարտությունը։ Երկու ամսից ավելի Կամոյին ես խնամել ու չես իմացել, որ նա քո հարազատ եղբայրն է։ Երկու ամսից ավելի եղել ես նրա կողքին ու չես իմացել։ Ե՛ս, չե՛մ ասել․․․ ու չէի՜ ուզում ասել․․․

–Ի՞նչ եք խոսում,—քիչ մնաց գոռար Արմենը։

–Սու՜ս, սու՜ս մնա․․․ նա ոչինչ չպիտի իմանա․․․ նա չգիտի, որ մեզնից առաջ հայրդ ընտանիք է ունեցել․․․ բայց դու այնքան նման ես հորդ․․․ կրկնօրինակն ես․․․ առաջին իսկ հայացքից հասկացա․․․ինչպե՜ս նման ես հայրիկիդ․․․ Կամոն հեռվում սպասում էր մորը։

Արմենը քարացել էր։ Լսածից ոչինչ չէր հասկանում։ Ի՞նչ է խոսում այս կինը։ Գլուխը պտտվեց։ Ուղևորներն ու նրանց ճանապարհ դնողները քանի գնում շատանում էին։ Արմենը անհանգիստ շունչ քաշեց։ Ուղեղում չէր տեղավորվում լսածը։ Դիմացը կանգնած կինը սրբում էր արցունքները։ Ու չէր ստում։ Ա՜յ հիմա, Արմենը վստահ էր, նա չի՛ ստում։ Բայց և ընկալել ու հավատալ լսածին չէր կարող։

–Հիմա չգիտեմ պետք էր ասել թե ոչ։ Բայց դու՜ք․․․ ձեր երգերը․․․ քո վերաբերմունը նրա հանդեպ․․․ ա՜խր արդեն չեմ կարող լռել,—Նաիրան մեջ քաշեց արցունքները, աշխատեց չլացել։ Նայեց ուղիղ աչքերի մեջ,—ձևացրու որ ոչինչ չեմ ասել․․․ նրան էլ կասեմ, հետո՜․․․

Հանկարծ վերադարձավ Կամոն։

–Մա՜մ գնացինք։ Ուշանալու ենք քո պատճառով։—Բռնեց մոր ճամպրուկը։ Դե՜, հաջող մեծ եղբայր,—ասաց Կամոն ու նորից գրկեց Արմենին։

Արմենը մնաց քարացած։ Ճպճպացրեց աչքերը ուշադիր նայեց շուրջը, ապա օդանավակայանի շենքը մտած Կամոյին, որը մի ձեռքով հենակին էր հենվել, մյուսով ճամպրուկն էր քաշում հետևից։ Նոր գլխի ընկավ, ինչն էր իրեն հմայել երիտասարդի մեջ, չէ՞ որ դա ի՛նքն էր։ Եթե հետևից նայես կմտածես, որ արև երիտասարդը Կամոն չի, այլ՝ Արմենն է քսանչորս տարեկան ժամանակ։ Ինչպես հայրն էր իրեն ասում․ «արև-տղաս»։ Ա՜րև, ա՜րև, ա՜րև․․․ Այդ բառը անհապաղ ուզում էր արտասանել, հենց տեսնում էր Կամոյին։ Նույնիսկ առաջի՛ն օրվանից, առաջի՛ն իսկ պահից, երբ նա նստեց ավտուբուսի մեջ իր կողքին, ժպտաց իր լուսավոր աչքերով ու առաջարկեց ծանոթանալ։ Արմե՜ն, Արմե՜ն․․․

Տղամարդու խավարած ուղեղում կայծակի նման փայլատակեց այն օրը, երբ հայրը հեռացավ ընտանիքից։

Рейтинг@Mail.ru