bannerbannerbanner
полная версияՆերկա, անցյալ, ապառնի

Egretta Garzetta
Ներկա, անցյալ, ապառնի

Սկսեց ավելի ուշադիր լինել քրոջ պահվածքի նկատմամբ։ Իհարկե Սանամը դեռ փոքր է, ու այդ ծերուկը նրան չի համապատասխանում, բայց չի կարող տեսնել արցունքներ նրա աչքերին։ Ավտովթարից հետո առանց այն էլ ամաչում էր նայել նրա կողմ։ Ի՜նչ դժվար օրեր է ապրել։ Պատրաստ էր մեռնել, միայն թե Սանամը ապրի։ Ու դա դատարկ խոսքեր չէին։ Այն օրը, այն վայրկյան երբ ուշքի եկավ, իմացավ որ քույրը դժվար թե ապրի, զղջաց որ արթնացել է։ Լա՛վ է մեռներ չիմանալով, որ կողքի պալատում նա պայքարում է կյանքի համար։ Իսկ ո՞վ է մեղավոր։ Ու՞մ փուչ ուղեղի պատճառով հայտնվել էին հիվանդանոցում։ Կառլենի աչքերը խոնավանում էին երբ վերհիշում էր այն ցավալի ապրումները։ Ու հիմա տանջվում էր ու նույնժամ ջղայնանում Սանամի սիրահարված տեսքին նայելով։ Վերջապես կարողացավ արտասանել այդ բառը։ Այո՛, սիրահարվել է մեր աղջիկը։

Այդ օրվանից սկսած լուռ հետևում էր Սանամին։ Երբեմն թվում էր նույն Սանամն է, երբեմն՝ մի անծանոթ։ Փոխվել էին նույնիսկ նրա շարժուձևը ու խոսելակերպը։ Դարձել էր չափահաս օրիորդ հարյուր տարեկանի մտածելակերպով․ Կառլենը քանի անգամ որոշել է մոտենալ խոսել հետը։ Բայց մի բան հետ էր պահում։ Վախենում էր խոսելով սիրո մասին խախտել այն կապը, որ նոր է ամրապնդվում իր ու քրոջ միջև։ Զգուշանում էր ցավեվնել Սանամի զգացմունքները։ Ասե՞լ մորը։ Բայց դա ավելի վատ կլինի։ Սանամը կարող է ընդունել դա որպես դավաճանություն։ Նեղանալու է, որ բոլորը գիտեն ու խոսում են իր սիրո մասին։ Չէ ո՞ր դա գաղտնիք է, միայն իրենն է, ու ամաչելու է խոսել դրա մասին։

Իրար հետ էին երբ գնացին հոր հետևից։ Խանութում էր նաև Վռամը։ Սանամը իսկույն ուղղեց շորերը, մազերը ու երբ նկատեց եղբոր սևացած հայացքը, կարմրեց։

_Ի՞նչ ես այդպես նայում։ Հագուստս շտկեցի։

_Ոչի՛նչ։ Ու՞մ համար ես պճնվել։

_Ո՛չ մեկի՛։

_Սանա՜մ։

Կառլենը քաշեց քրոջը թևի տակ ու սեղմեց իրեն։

_Սանա՛մ, իմ համար դու միշտ էլ փո՛քր ես։ Ու ես չե՛մ ուզու՛մ, որ վշտանաս ինչ-որ մեկի պատճառով։ Վաղուց նկատել եմ որ տարօրինակ ես դարձել։ Ու մենք պիտի խոսենք դրա մասին։

_Ինչի՞ մասին։

_Ես ամեն ինչ գիտեմ։

Սանամը անթարթ նայում էր իրեն։

_Չեմ հասկանում։

«Այ քեզ աղջիկ։ Սրան կռիվ տար, ոչ մեկին չի մատնի»։

_Լավ… տանը կխոսենք քո Վռամչիկի մասին։

_Ի՞նչ… ու՞մ,_Սանամը ետ նետվեց խրտնած եղնիկի նման։ Շանթահար նայեց եղբորը, շրթունքները դողացին։ Բայց արագ հավաքեց իրեն,_Ի՛նչ ես խոսում Կառլեն։ Ավել-պակաս դուրս ես տալիս։ Ի՞նչ Վռամչի՛կ…

Ձեռքը թափ տվեց եղբոր վրա ու արագ մտավ խանութ։ Կառլենը նայեց քրոջ ետևից։ «Սանա՛մ աղջի՛կ, չխաբեցի՛ր։ Էլ չեմ երկարացնի»։

Երեկոյան, տանը, որոշեց լուրջ խոսել Սանամի հետ։ Փնտրեց նրան։

_Մամ, ու՞ր է Սանամը։

_Բաղնիսում։ Ինչու՞։

_Ուզում եմ խոսել հետը։

_Ինչի՞ մասին։

_Ոչինչ… հեչ… սովորելու մասին։

_Բալես, դու էլ նկատել ես որ վերջերս մի տեսակ է,_մայրը մոտեցավ որդուն։ Բռնեց ձեռքը աղերսող աչքերով ասաց,_բալես, խիստ չլինես։ Նրա գլխին այս տարի շատ փորձանք է եկել, մեղմ եղիր։ Չվիրավորվես քրոջդ։

_Մա՛մ, ինչ ես ասում։ Ինչու՞ պիտի վիրավորեմ նրան։ Ուզում եմ իմանալ ինչպես է։ Գուցե պրոբլեմներ ունի ու չի ասում։ Ինքդ նկատել ես որ վերջերս տարօրինակ է։

Մայրը նստավ սեղանի մոտ։ Մտահոգ հայացքը ուղղեց որդուն։ Կառլենը նստավ դիմացը, վերցրեց մի խնձոր սկուտեղից, ձեռքից ձեռք գցեց, ապա հավեսով կծեց։ Ուրեմն մայրն էլ նկատել է փոփոխություններ դստեր մեջ։ Լավ է որ չգիտի որն է դրանց պատճառը։ Վռամը նրան էլ դուր չի գա․․․

_Ի՞նչ ժողով է,_խոհանոց մտավ հայրը,_ինչու՞ եք տխուր։ Ինչի՞ մասին եք խոսում։

_Դե՜, խոսում ենք․․․ այստեղից-այնտեղից,_պատասխանեց որդին։

_Ավելի՛ կոնկրե՛տ,_նստավ Կառլենի կողքը հայրը։

Հայացքը մորից չկտրելով որդին պատասխանեց.

_Իմ մասին… իմ կյանքի մասին… ապագայի… կա՞ արդյոք ապագա։

_Դա քո վրա Վռամի ազդեցությունն է թե ինչ-որ ուրիշ մեկի՞։

Կառլենը լսելով Բարսամյանի անունը մռայլվեց։ Այդ մեկի նույնիսկ անունը տանել չէր կարողանում։

_Բարսամյանը ի՞նչ կապ ունի իմ հետ։

Մայրը նկատեց որդու դժգոհությունը։

_Տղա՛ս, ես դա չեմ ասում, որ ջղայնանաս։ Բայց ինքդ տեսնում ես ինչ գործունյա երիտասարդ է նա, նպատակասլաց։ Պետք է օրինակ վերցնել։

Рейтинг@Mail.ru