Ներկա, անցյալ, ապառնի

Egretta Garzetta
Ներկա, անցյալ, ապառնի

Կառլենը բերանը ծռեց.

_Ու ինչու՞մ։ Շողոքորթության մեջ։

Մայրը քիչ մնաց ծիծաղեր, բայց տեսնելով ամուսնու խոժոռ դեմքը զսպեց իրեն։

_Էլի՛ սկսու՛մ ես,_հայրը հազիվ չգոռաց,_մտածում էի, որ մի քիչ խելոքացել ես։ Խաբվել եմ․․․ ինչպես միշտ։ Դու երբե՛ք չե՛ս փոխվի՛։

_Ի՞նչ ես ուզում ինձնից,_հանդիմանեց Կառլենը,_ուզու՞մ էիր որ մի բանով զբաղվեմ․․․ աշխատում եմ։ Առավոտից իրիկուն զբաղվում եմ գործերով։ Նույնիսկ ժամանակ չունեմ իմ վրա ծախսելու։ Ուզու՞մ էիր, որ խելքս գլուխս հավաքեմ, կտրվեմ ընկերներիցս․․․ նույնիսկ դա՛ արեցի։ Ես աշխատում եմ ավելի շատ քան քո Բարսամյանը կամ ինչ-որ ուրիշ մեկը։ Ի՞նչ ես ուզում ավել հայրիկ։

_Դու անլուրջ ես… և այդ թվարկածդ անում ես իներցիայով, առանց մի րոպե մտածելու ապագայի մասին։ Ե՞րբ ես ընտանիք կազմելու։ Դրա մասին հեչ մտածում ե՞ս։

_Օյ, լավ պա՜պ։ Դու արդեն չգիտես ու՛ր կպչես, միայն թե մի թերությու՛ն գտնես իմ կամ իմ արածի մեջ։

Կառլենը ոտքի ելավ։

_Ու՞ր։ Ես դեռ չեմ վերջացրել։

_Դե՜, իհարկե՛… դու երբե՛ք չես վերջացնի ոտնատակ անել ինձ։

_Բալե՛ս, ի՛նչ ասաց հայրդ… ամուսնանալու մեջ ինչ վատ բան կա։

_Մա՛մ… Չեմ ուզում նույնիսկ լսել դրա մասին։

_Իսկ օրիորդ Սաուլյանի մասին ուզու՞մ ես լսել,_հարցրեց հայրը։

Անսպասելի էր։ Կառլենը շփոթված նայեց ծնողներին։ Աչքերով հարցրեց մորը. «Դու՞ ես պատմել»։ Բայց մոր ոչ պակաս զարմացած դեմքը պատասխանեց․ «ոչ»։

_Չհասկացա՛… ինչի՞ մասին ես խոսում։

Հայրը որոշեց ևս մի անգամ լավ հարված տալ։

_Ինչի՞… թե ու՞մ,_հայրը ծալեց ձեռքերը կրծքին,_ ինչու՞ վախեցար… չես ուզում պատմել Նանայի մասին։

Ուրեմն հայրը պատկերացում չունի Դավոյի գոյության մասին։

_Ի՞նչ պատմեմ…ինչպես հասկացա դու ամե՛ն ի՛նչ գիտես։

_Ի՞նչ գիտեմ… միայն այն, որ քո պատճառով այդ աղջիկը միայն պրոբլեմների մեջ է հայտնվում… ե՞րբ պիտի վերջ տաս այդ ամենին։ Ե՞րբ պիտի ամուսնանաք։

_Երբե՛ք։

_Այսի՞նքն…

_Այսինքն չեմ ուզում գցել նրան ավելի մեծ պրոբլեմների մեջ։

Կառլենը դուրս եկավ խոհանոցից։ Փչացավ տրամադրությունը։ «Այսօր ուրիշ ոչ մի խոսակցություն։ Շատ մերսի, կշտացա»։

Կառլենը մտնում էր ննջասենյակ, երբ Սանամը մազերն էր ֆենում։ Երբ նկատեց եղբորը, անջատեց ֆենը ու դուրս եկավ։

_Կառլեն…

_Ի՞նչ եղավ։

_Դա ես պիտի հարցնեմ։ Ի՞նչ է պատահել։ Տրամադրություն չունես։

_Չունեմ…

_Ե՞ս եմ պատճառը։

_Ո՛չ,_դժկամությամբ արտասանեց եղբայրը։

_Չես ուզու՞մ խոսել։ Բայց ցերեկը ինձ թվաց, թե ուզում ես զրուցել իմ հետ։

_Քե՛զ թվա՛ց…

Կառլենը մտավ սենյակ ու փակեց ետևից դուռը։ Վառեց ծխախոտ ու անցուդարձ արեց ննջասենյակի երկայնքով։ Հայրը երբեք չի հասկացել իրեն։ Ու երբեք չի մոռանա իր սխալները, չի էլ թողնի ինքը մոռանա։

Նանային վաղուց չէր տեսել։ Այսինքն հեռվից տեսել էր, բայց չէր մոտեցել ու խոսել հետը։ Աշխատում էր չդրժել տված խոստումները։ Դժվար էր իհարկե։ Բայց երբ միտքն էր գալիս նրա գունաթափ տեսքը հիվանդանոցում, որդու աղեկտուր ճիչը… Նանայի սպանիչ հայացքը երբ ուշքի եկավ… Նա ատում էր իրեն։ Բայց ինչու՞ պիտի սիրի։ Գոնե մի լավ իրադարձություն կապված իր հետ, կա՞ այդ աղջկա կյանքում։ Դավո՞ն… Բայց նրա աշխարհ գալու պատճառը այդպես ուրախ ու հաճելի հիշողություններ չի արթնացնում։

Կառլենը դուրս եկավ պատշգամբ։ Մի հաճելի քամի փչեց։ Վառեց երկրորդ ծխախոտը։ Հիշեց որդուն։ Ա՜խ, ոնց է կարոտել։ Վաղուց չի զգացել նրա համն ու հոտը։ Շունչը կտրվում էր երբ հիշում էր փոքրիկին։ Նրա ձայնը միշտ հնչում է իր ականջներում։ Ի՜մ խուճու՜ճս… մեռնեմ քեզ… անչափ կարոտել եմ․․․

Հայրը սեղմեց հին վերքին։ Ու Կառլենը քիչ է մնում մռնչար ցավից։ Անկողնում պառկած վերհիշում էր ամեն ինչ… ու դրան կից գլխում անվերջ հնչում էր որդու զիլ կանչը «պապա եկա՞ր»։ Կառլենը պառկեց փորին ու երեսը սեղմեց բարձին։ Արցունքները հոսեցին աչքերից։ Է՛լ ուժ չուներ։ Անհնար է դիմանալ կարոտի զգացմունքին։

Քունը այնպես էլ չտարավ։ Գիշերվա ժամը երեքն էր երբ դուրս եկավ տնից, իջավ բակ։ Բակում շատրվանների մոտ նստարան կար։ Նստեց այնտեղ ու նայեց վերև պատուհաններին։ Վառվում էին միայն միջանցքի լույսերը։ Վաղուց մարել էին ծնողների և Սանամի լույսերը։ Բոլորը խաղաղ քնել են։ Հիշեց, որ ուզում էր խոսել քրոջ հետ։ Բայց հոր հետ ունեցած անախորժ զրույցը արթնացրեց նիրհող ցավերը։

Рейтинг@Mail.ru