bannerbannerbanner
полная версияՆա

Egretta Garzetta
Նա

Հորս հետ կատարված դժբախտությունից հետո բացահայտեցի նրան լրիվ ուրիշ կողմից։ Նա գերադասեց մնալ կողքս չնայած ես ոչ ոք էի նրա համար։ Օգնում էր ինչով կարող էր։ Հանգամանքների գերին էր դարձել։ Տանեցիները ընկած սեփական հոգսերի հետևից չէին էլ նկատում մեր դժվարությունները։ Իսկ Սալոմեն սպասում էր ժամերով ուշ գիշեր մինչև վերադառնամ աշխատանքից։ Անվերջ հարցուփորձ էր անում թե ինչպես անցավ օրս։ Անհրաժեշտության դեպքում գալիս էր հետս և՛ հիվանդանոց, և՛ աշխատանքի։ Մի անգամ երբ ասացի, որ նա ազատ է ու կարող հեռանալ չտանջվել իմ հետ։ «Երբ կգա ժամանակը կգնամ»,—պատասխանեց հանգիստ։ Հաճախ խնդրում որ երգեմ։ Լսում էր զմայլված։ Պոչի նման գալիս էր հետևիցս ամենուր։ Արդեն սովորել էի նրա ներկայությանը։ Ուներ ինձ զանգելու ժամանակը, ցերեկը ճաշին ու երեկոյան երբ ուշանում էի։ Գարիկը քթի տակ ժպտում էր․ «Աչքերիդ լույսն է զանգու՞մ»։ Քանի՜ անգամ եղավ որ հոգնածությունից քուն էի եղել աշխատասենյակում։ Սալոմեն էլ մնում էր մոտս։ Մի անգամ Մերին կատակեց․ «Ե՞րբ ես տանելու կնոջդ քո սենյակ»։ «Կինս» կարմրեց մինչև ականջների ծայրը։ «Ինչու՞ խանգարում է քեզ։ Շուտով տանջանքներդ կվերջանան»։ Թևս գցեցի Սալոմեյի ուսը, նա ավելի շատ կարմրեց։ Սիրտս էր մտել չէի իմացել։ Փնտրում էի նրան ամենուր, սպասում զանգերին։ Ու ի՜նչ արի․․․ ապու՛շ․․․ ձեռքս եկած բախտս բաց թողի․․․ մնացել էր խոսովանել․․․ ու թող ինչ ուզում էր լիներ․․․ փակել աչքերս սպասել պատասխան․․․ բայց այնքան թույլ գտնվեցի, որ կորցրի հավիտյան․․․

Ամեն վայրկյան մտածում էի նրա մասին, ինչպես նաև միշտ գիտեի, որ ուր է նա և ինչով զբաղված։ Ինձնից առավել նրա՛ն էի սիրում։ Բաց թողի որպեսզի գնա իր երազանքի հետևից։ Դարձա՞վ նա երջանիկ։ Չգիտե՛մ։ Իմ մասին էլ չեմ կարող ասել, թե եդեմական կյանք եմ վայելում։ Հասա՞ մուրազիս։ Հայրիկս չէր թողնում ինձ բիզնեսմեն դարձնելու երազանքը։ Իսկ ես երգում էի, ձայնագրվում, աստիճանաբար դարձա ճանաչված ու սիրված, միևնույն ժամանակ անսեր։ Լացս գալիս էր ու արցունքներս երգերով էի արտահայտում։

Համատեղ բիզնեսը փլուզվեց ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով։

Մի օր հանդիպեցի նրան օդանավակայանում։ Տասը տարի անց։ Երկուսիս համար էլ անսպասելի։ Վերադառնում էր Ամերիկա։ Մայրը նախատական հայացքով սպանեց ինձ, բայց թույլ տվեց խոսել, չմոտեցավ։ Սալոմեն փոխվել էր։ Մազերը ներկել էր այնպես որ արմատները մնացել էին մուգ, իսկ ծայրերը բաց գույն, հիմա նրա մոխրագույն աչքերը ավելի շատ էին աչքի ընկնում։ Կուզենայի գրկել, սեղմել սրտիս, առնել կարոտս, բայց միայն չոր բարևեցի, հարցրի որպիսությունը։ Նրա տխուր աչքերում չկար նախկին ջերմությունը, որ ինձ տեսնելիս լուսավորում էր ողջ էությունը։ Խորին ցավ կար ու դատարկություն։ Ինչպե՜ս կգրկեի, միայն թե չտխրեր ու այտի փոսիկը լիներ տեղում։ Իրենքս ենք մեղավոր, չափն անցանք ու արեցինք սխալ քայլեր, անվերադարձ կորցրինք հանգիստը, լուռ տենչացինք իրար, բայց չբացվեցինք միմյանց առաջ։ Մեր սերը առանց խոսքերի էր։ Աչքս ընկավ ամուսնական մատանու բացակայությունը։ Նա նկատեց ժպիտս, չտեսնելու տվեց։

«Ինչու՞ երգերդ միշտ տխուր են»։ «Լսու՞մ ես ինձ»։ «Մի՜շտ․․․ դու միշտ հետս ես․․․ այսինքն, քո երգե՛րը»։ Ժպտաց։ Ու ինչպես միշտ մեզ խանգարեցին։ «Կարելի է նկարվել ձեր հետ»։ Նա գնաց․․․ գնաց առանց ետ նայելու։ Ինչու՞ հանդիպեցինք։ Կրկին ցավ ապրեցի։ Ու նորից եթե ուրիշ տեսակ լինեի միասին կլինեինք։ Չսիրելով ամուսնացանք, սիրելով բաժանվեցինք։ Ու եթե մի անգամ էլ տեսնեմ, կգրկեմ էլի՛, գոնե՛ մտովի։

Рейтинг@Mail.ru