bannerbannerbanner
Мое время, или Осенний дневник (на армянском языке)

Григор Енокович Маркосян
Мое время, или Осенний дневник (на армянском языке)

Ամեն առավոտ մայրս դառնում էր դեպի Սուրբ Հովհաննեսի մատուռն ու աղոթում իր զավակների համար, բոլոր «նեղյալների» համար, իսկ աչքերից հոսում էր արցունքը: Դրանից է, երևի, որ ես աղոթք ու արցունք անբաժան եմ պատկերացնում:

… Բռնել էին մորս տուն վերադառնալիս, կանաչ քիստերը առել էին ձեռքից, իսկ իրեն կոլխոզի գրասենյակ էին տարել:

Պտտվում ու աղում է իմ հուշերի մեջ անխոնջ երկանքը ծխով լցված մեր հին տանը ու թվում է, թե այն Սուտն է աղում, որ արդար հատուցում կա և՛ բարի, և՛ չար գործերի համար:

Ներիր ինձ, աղջիկս, անշուշտ քեզ դուր չի գա, որ գրում եմ՝ Սուտը, թող լինի՝ Հույսը: Թեկուզ ջուրը տանի, անհետ ու անհիշատակ կորցնի լավությունը, միայն թե մնա Հույսը, որ արդարությունն ու բարությունը երբեք չեն կորչի մարդու մեջ, որ իսկապես արդար հատուցում կա երկնքում պահված:

* * *

Իմ երազների և իմ արթնության տեսիլների մեջ միշտ մեր հին դպրոցն եմ տեսնում, տեսնում եմ վաղուց հեռացած դեմքեր, վաղուց լռած ձայներ եմ լսում: Նա ինձ համար անսահման թանկ ու սիրելի է, որովհետև սովորել եմ, ապա աշխատել եմ այնտեղ, այնտեղ են անցել կյանքիս լուսավոր տարիները:

Մեր գյուղի դպրոցի պատմությունը համեստ է, սակայն, ինչպես ամեն մի պատմություն, նա էլ ունի իր դրամատիկ էջերը, վերելքներն ու վայրէջքները:

Արդահանից գալուց հետո առաջին դպրոցը մեր գյուղում բացել է Տեր Մելքում քահանան 1865թ-ին: Այնուհետև այն մի քանի անգամ բացվում ու փակվում է: Առաջին դպրոցը գործում է հինգ-վեց տարի: Երկրորդը բացվում է Վանո Տացուի ջանքերով, որը Տեր Մելքումի առաջին աշակերտներից էր: Այն գործում է մինչև 1905 թիվը և փակվում է ցարական կառավարության հայտնի որոշման համաձայն: Դպրոցը փակվելուց հետո գյուղի քահանան՝ Տեր Մկրտիչը, որոշ ժամանակ շարունակում է գաղտնի պարապել մի քանի երեխաների հետ:

1912թ.-ին դպրոցը դարձյալ բացվում է: Դա քառամյա դպրոց էր, ուսուցիչը Տեր-Ղուկասյան Խաչատուրն էր Ախալքալաքի Լոմատուրցխ գյուղից:

Դպրոցը դարձյալ տեղավորված էր մեր «յազլուղում», Խաչատուրն էլ իր ընտանիքով ապրում էր մեր տանը: Տեր Մկրտիչը նախանձում էր նրան ու շարունակ գժտվում հետը, բայց նա ջանասիրաբար աշխատում է մինչև 1918թ-ը, մինչև թուրքերի հարձակումն ու մեր գյուղի գաղթը:

1935թ-ին հատուկ շենք են կառուցում, և դպրոցը կրկին բացվում է՝ առաջին անգամ ընդգրկելով գյուղի բոլոր երեխաներին: Ահա այդ շենքն է, որ ես կոչում եմ Հին դպրոց:

Նրա շինարարության համար քարը սայլերով բերում էին սարերից: Մի ձորի մեջ սայլերից մեկը շրջվում է, զոհվում է սայլապանը՝ Իգիթենց Մնոն, որին Մինո էին ասում:

Հիմա չկան ոչ դպրոցը, ոչ էլ նրա քարերը, ժամանակը կջնջի նաև նրա մասին հիշողությունները, բայց կա այն ձորը, որ կոչեցին զոհված սայլապանի անունով՝ Մինոյի ձոր: Այնտեղ տաք է ու վայրի վարդի թփեր են աճում: Գարնանը նրանք ծաղկում են, բայց շատ զգայուն են պաղ քամիների նկատմամբ, որոնք փչում են սարերից ու տանում են սպիտակ թերթերը, տանում ու ցրում են սարերում, ինչպես վերջին հիշողությունները մեր հին դպրոցի մասին:

Դպրոցի շենքն իր սպիտակ պատերով, շիֆերե սպիտակ տանիքով միակն էր գյուղում: Այն շինված էր բարձրության վրա, Վերի ժամին մոտիկ, նրա պատուհաններից երևում էր համարյա ամբողջ գյուղը:

Ըստ լուրերի, իմ Վայրո քեռին դասերի ժամանակ այդ պատուհաններից միշտ նայում էր Կուճուճայենց տան դռանը, որ տեսնի Ալթունին, որին սիրահարված էր: Ընկեր Արշակի սպառնալիքներն ու զգուշացումները, թե սովետական աշակերտը պարտավոր է միայն գրատախտակին նայել կամ էլ նրա վերևում փակցրած Ստալինի նկարին, նրան այնքան էին ձանձրացրել, որ մի օր ասել էր.

– Ընկեր Արշակ, ինչ ուզում է լինի, ես Կուճուճայենց դռանը պիտի նայեմ, համաձայն չես՝ ես գնացի,– ու այդպես էլ գնացել էր դպրոցից:

Բայց դրան հավատալը դժվար է, որովհետև դպրոցի ոչ մի պատուհանից Կուճուճայենց տունը չէր կարող երևալ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը դա հնարել էր կատակի համար, ինչպես որ բազմաթիվ այլ պատմություններ էին հնարել զվարճասեր Վայրո քեռուս մասին:

Իսկ գեղեցկուհի Ալթունը ամուսնացել էր անասնաբույժ և բանաստեղծ Ենոք Շաշիկյանի հետ ու ընդմիշտ հեռացել գյուղից, որովհետև վերջինիս հալածում էին որպես տրոցկիստի: Շաշիկյանն ամբողջ կյանքը ապրեց Աբխազիայում ու երբեք հայրենի սարերը չտեսավ, դրա համար էլ գրում էր իր երգերում.

Ջավախեթցի խեղճ Ենոքիս դարդերը ծով են:

Դպրոցը յոթնամյա էր: Կարտիկամցի Ընկեր Արշակն էր նրա տնօրենը: Նա միաժամանակ կոլխոզի կոմունիստների ղեկավարն էր: Կաշվե կարճ բաճկոն էր հագնում ու երկարաճիտ կոշիկներ: Նա զանազան օպորտունիստներ ու տրոցկիստներ էր որսում կոլխոզում, դաշնակների դեմ էր պայքարում, մտրակը ձեռքին մասնակցում էր խռովարարների ծեծին գրասենյակում և նույն մտրակով դպրոց էր մտնում՝ ահ ու սարսափ տարածելով շուրջը:

Սկզբում մեր ուսուցիչները եկվորներ էին տարբեր գյուղերից, առավելապես Գանձայից: Հետո եկան առաջին ուսուցիչները մեր գյուղից, որոնք այստեղ-այնտեղ միջնակարգ կրթություն ստանալով, սովորել էին Թիֆլիսում, Բաքվում կամ Երևանում: Այդ առաջիններից էր Ալվանջյան Վաչագանը, որը մաթեմատիկա էր դասավանդում, բայց շատ շուտով հիվանդացավ ու մահացավ:

Դպրոցը փոխեց մեր կյանքը և առաջին հերթին՝ մեր լեզուն: Մեր խոսվածքը մաքրվեց բազմաթիվ օտար բառերից: Դա կատարվում էր մեր աչքի առաջ այնպես արագ ու ակնհայտորեն, ինչպես այն տարիներին փոխվում էր կյանքը: Կային նաև մեր հարևան գյուղերի օրինակները. թուրքախոս Ասփարան դպրոցի շնորհիվ հայացավ: Նրանց առաջին ուսուցիչը մեր համագյուղացի Քլոյան Համբարձումն էր, որ Գանձայի դպրոցի շրջանավարտներից էր, իսկ Խուլգումոն այդպես էլ մնաց օտարախոս, որովհետև հայկական դպրոց չունեցավ:

Մեր գյուղացիները միշտ հպարտանում էին, որ իրենց լեզուն մոտիկ է գրական հայերենին՝ ի տարբերություն Կարնո բարբառով խոսող մյուս գյուղերի, որոնց համար մշտական հոգս էր բաղաձայնների արտասանության ու գրության անհաղթահարելի խնդիրը, մասնավորապես ձայնեղների խլացումն ու խուլերի ձայնեղացումը: Մենք նման խնդիր չունենք:

Ամեն տարի օգոստոսին դպրոցը նորոգում էին: Նստարանները հանում էին դուրս ու բուրգերի պես շարում իրար վրա, դպրոցի կալի մեջ, դա նշանակում էր, որ ամառը վերջացավ:

Դպրոցը նորոգում էին հավաքարարուհիները, որոնք երբեք չէին փոխվում և ծերանում էին նրա հետ: Իսկ նորոգումն այն էր, որ հատակի լայն, չներկած տախտակները լվանում էին նավթով, պատերը սպիտակեցնում էին կրով ու ներկում յուղաներկով, և դպրոցը բուրում էր…

Ուսումնական տարին սկսում էր Կալիպսե Ներսիսյանը. դեռ սեպտեմբերի մեկը չեկած անցնում էր տնից տուն ու հավաքագրում առաջին դասարանի աշակերտներին: Երբ գյուղը փոքր էր, դա հեշտ էր՝ մեկ դասարան, մեկ ուսուցչուհի, բայց երբ գյուղը մեծացավ և դպրոցն ունենում եր երկու, երեք, անգամ չորս առաջին դասարան, տարաձայնություններ էին առաջանում ուսուցչուհիների մեջ երեխաներին բաժանելիս, բոլորն ուզում էին լավ աշակերտներ ունենալ: Ներսիսյանը գիտեր բոլորի ծագումնաբանությունը, քանի որ գրաճանաչություն էր սովորեցրել նրանց ծնողներին, պապերին ու տատերին, ուստի անսխալ ջոկում էր լավերին: Ճիշտ է, երբեմն գենետիկական շեղումներ լինում էին, որ հիասթափեցնում էին նրան:

Մի անգամ ընկեր Արեգը այդ պատճառով վիճում էր նրա հետ դպրոցի դռանը: Շախովենց Լևոնը, իմանալով աղմուկի պատճառը, ասել էր.

– Էլ ինչու՞ եք վիճում, քաշով կիսեք, չաղերը ջոկ, լղարները ջոկ:

Սեպտեմբերի մեկին բոլորը հավաքվում էին դրսում, դպրոցի կալի մեջ: Դպրոցի դռան երկու կողմերին կախում էին կարմիր կտորների վրա սպիտակ, մեծ-մեծ տառերով գրված լոզունգներ, որոնք մատաղ սերնդին կոչ էին անում պայքարել հանուն բարձր առաջադիմության և անշեղորեն կատարել կուսակցության այսինչերորդ համագումարի որոշումները:

Երբ փոքր էի, կարդում էի այդ լոզունգներն ու ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե դպրոցում լավ սովորելով ու՞մ դեմ և ինչու՞ պիտի պայքարենք:

Լենինի մեծ դիմանկարը կախում էին դռան վերևում հատուկ այդ       նպատակով խփված մեծ մեխից: Դուրս էր գալիս տնօրենը, կանգնում էր մուտքի աստիճանների վրա ու ճառ էր ասում: Ապա դուրս էին բերում փոքրիկ պղնձե զանգակը, որը ծլնգում էր ծիծեռնակի պես:

Սկսվում էին դասերը:

Այդ զանգը Ջարդուփուրթենց Ավագն էր նվիրել դպրոցին Կախեթ քոչելուց առաջ: Նա թողել էր իր սպիտակ ձիերն ու սայլը, «պասաժիրսկի» սահնակը, որով կոլխոզի նախագահին էր տանում-բերում շրջկենտրոն ու գնացել էր:

Շատ բան էր տեսել այդ զանգը, նրա կանչով դպրոց էին գնացել ու հրաժեշտ էին տվել դպրոցին մեր գյուղի մի քանի սերունդներ: Նրա փեշը մի քիչ կոտրվել էր, լեզվակը վաղուց կորել էր ու փոխարինվել երկաթալարով կապված մի պտուտակով, բայց շարունակում էր զվարթ ծլնգալ, մինչև ընդմիշտ լռեց, երբ հին դպրոցը քանդեցին:

Ահա տեսնում եմ արևով ողողված մեր ուսուցչանոցը՝ միջանցքի ձախ կողմի երկրորդ սենյակը: Բայց լռության մեջ միայն պատի հին ժամացույցն է թակում տրտմությամբ: Ինչու՞ է այդպես լուռ և ու՞ր են բոլորը:

Մի հին, ծանր գրասեղան կանաչ մահուդե փռոցով տնօրենի համար զբաղեցնում էր իր մշտական տեղը ուսուցչանոցի անկյունում: Նրա դիմաց դրված էր դեռևս ընկեր Արշակի ժամանակներից մնացած մի երկար սեղան նույնպես կանաչ փռոցով: Այն ծածկված էր թանաքի անթիվ բծերով: Պահարանները, ծորակով մեծ ջրամանն ու թիթեղյա բաժակն անկյունում, Լենինի դիմանկարը, մատենակալն ու պատի ժամացույցը նույնպես իրենց մշտական տեղերում:

Ամեն ինչ այնտեղ այնպես հին ու անփոփոխ էր, որ թվում էր, թե ոչինչ չի կարող խախտել իրերի հավիտենական անշարժությունը: Ինչե՜ր կպատմեին նրանք, եթե լեզու առնեին դասաբաշխումների, ժողովների, վառարանի շուրջը տեղի ունեցող ձմեռային խաղաղ զրույցների, վեճերի, դավերի ու խարդավանքների, սիրո խոստովանությունների մասին…

Իրերը չէին փոխվում, փոխվում էին մարդիկ: Գալիս ու գնում էին ուսուցիչները ծեր ու երիտասարդ, փորձառու կամ անփորձ, մեր գյուղից կամ եկվորներ տարբեր տեղերից, վրացիներ ու հույներ Ծալկայից, որոնք ռուսերեն էին պարապում: Գնում էին նրանք, որ տարիներ անց կարոտով հիշեն ու ցանկալով ցանկան այն ամենը, ինչ մի ժամանակ այնպես նզովում էին՝ աշակերտների չարությունները, գյուղի քարքարոտ փողոցներն ու բաց շները, գարնան ցեխն ու ջուրը, ձմեռվա ծնկահար ձյունն ու անվերջանալի բուքը:

Տարիների հեռվից հիշում եմ նրանց բոլորին իրենց բնավորությամբ ու սովորություններով: Հնարավոր չէ պատմել ամեն ինչ, նրանցից միայն մի քանիսի մասին կփորձեմ որոշ բաներ գրել այստեղ:

● Ամենից առաջ ուզում եմ գրել հայոց լեզվի և գրականության իմ ուսուցչի՝ Կոլյա Հակոբյանի մասին, սակայն իմ ծեր սիրտը դողում է հուզմունքից, ինչպես այն ժամանակ, երբ կիսախավար միջանցքում ուսուցչանոցի դռան մոտ նրան էի հանձնում իմ առաջին ու մինչև օրս միակ բանաստեղծությունը, որ նվիրել էի իրեն: Դա շատ տարիներ առաջ էր, ես սովորում էի կարծեմ վեցերորդ դասարանում:

Նրա լուսավոր կերպարը ինձ հետ է եղել միշտ իմ ամբողջ կյանքում: Ուր էլ գնացել եմ, զգացել եմ նրա ներկայությունը, դժվար պահերին նրա խորհուրդն ու օգնությունն եմ խնդրել:

 

Հիմա փորձում եմ գրել նրա մասին, սակայն երևակայության ինչ-որ խաբուսիկ խաղ է թվում այս ամենը՝ այդ հեռավոր օրերի հիշողությունների ջերմությունն ու հյուսիսի այս ցուրտը, այս ձյունն ու բուքը, որ սուրում, գալարվում է իմ պատուհանի դիմաց, սոճիների մութ պուրակի մեջ, ես՝ նրա աշակերտը, արդեն ծեր ու հիվանդ, իսկ նա իմ մտապատկերներում միշտ երիտասարդ… Կարծես թե մեզանից մեկնումեկը թյուրիմացաբար շփոթել է տեղ ու ժամանակ…

Նա ինձ համար Մարդու և Ուսուցչի տիպար էր: Ինձ միշտ թվացել է ու հիմա էլ այդպես է թվում, որ իսկական ուսուցիչը միայն այնպիսին պիտի լինի, ինչպիսին նա էր:

Իր ողջ էությամբ, կենցաղով ու վարքով, իր արտաքինով, անթերի հագուստով, անգամ ձեռագրով կարծես հաստատում էր այն միտքը, թե մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պիտի լինի:

Նրա լուրջ ու հավասարակշիռ պահվածքը պատկառանք էր ներշնչում, կարծես թե իր ներկայությամբ նա տիրում էր շրջապատին: Առանց հատուկ ջանքի դասարանը ենթարկում էր իրեն, բավական էր նրա հպարտ ու տիրական հայացքը միայն, որ բոլորը լռեին ու հնազանդվեին, անգամ ամենաանհնազանդ տղաները:

Մանկավարժական հմտություն կոչված բանը նա ստացել էր բնությունից իբրև շնորհ: Նրա ամեն մի դասը ստեղծագործական ինչ-որ բան ուներ իր մեջ: Նրա խոսքը միշտ հղկված էր, պարզ և անպաճույճ:

Նա պաշտում էր գրականությունը, նրա սերը որևէ գրական գործի, հատկապես բանաստեղծության նկատմամբ զմայլանքի էր հասնում: Դուրը եկած բանաստեղծությունը անպայման պիտի բարձրաձայն կարդար ինքն իրեն կամ որևէ մեկի համար: Քիչ է ասել, թե սիրում էր գիրքը: Գրքի հետ վարվում էր այն երկյուղածությամբ, ինչ որ մոլեռանդ հավատացյալը որևէ սրբազան առարկայի: Ամեն ինչ կներեր, բայց գրքի վրա որևէ բիծ կամ ծալած թերթ չէր ների:

Իր բոլոր ջանքերն ուղղված էին հայրենասիրություն սերմանելու աշակերտների մեջ և դա անում էր ամեն գնով, անկախ ծրագրերից ու դպրոցի պահանջներից, երբեմն խախտելով դրանք, ծանոթացնում էր Րաֆֆու, Պատկանյանի, Չարենցի գործերին, որ դեռևս արգելված էին: Մենք հայ ժողովրդի պատմություն էլ չէինք անցնում, նրա դասերով ու զրույցներով էինք սովորում մեր պատմությունը:

Շատ տարիներ են անցել, բայց լավ հիշում եմ այն օրը, երբ Վարուժանի «Ձոն»-ն էր կարդում դասարանում: Կարծես թե կերպարանափոխվել էր, երբեք նրան այդպես հուզված չէինք տեսել, ձայնը դողում էր հուզմունքից.

      Եղեգնյա գրչով վրեժ երգեցի՝

      Ընդ եղեգան փող բոց ելաներ…

Այդ օրն էլ պատմեց ամեն ինչ հայդուկային կռիվների, մեծ եղեռնի, Անդրանիկի մասին: Մենք քարացած էինք, ինչ-որ անսովոր բան էր կատարվում մեզ հետ: Վաղուց մյուս դասն էր սկսվել, մյուս ուսուցիչը բացում ու փակում էր դուռը, բայց ներս մտնել չէր համարձակվում:

– Ես աշակերտներին չէի զգուշացնում, որ պետք չէ ոչ ոքի ասել, թե այսինչ բաներն ենք անցնում,– հետագայում պատմում էր իմ ուսուցիչը,– որովհետև զգուշացնեի թե չէ, ամեն տեղ պիտի խոսեին: Մեր փոքրիկ գյուղում էլ մատնություններ էին լինում, ինչպես ամբողջ երկրում, մարդը ամեն տեղ նույնն է:

Ժամանակները խառն էին: Սկսվեց խրուշչովյան կարճատև «Ձնհալը», բայց սուտն ու ձևականությունն ավելի շատացան: Ցանկացած երիտասարդի կարող էին ուսուցիչ նշանակել, կրթությունը կարևոր չէր, միայն թե ծնողները կոլխոզի առաջավորներ լինեին, հատկապես հովիվ կամ կթվորուհի…

Իսկ պարտադիր ուսուցման տխրահռչակ օրե՞նքը… Ասում էին՝ անընդունակ կամ թույլ երեխաներ չկան, սովետական երեխաները կարող են յուրացնել ցանկացած ծրագիր, ուստի հարյուր տոկոսանոց առաջադիմություն էին պահանջում: «2» նշանակելը, երկտարեցիությունը վերացան, կեղծում ու խաբում էին բոլորը:

Ե՛վ տխուր էր, և՛ ծիծաղելի:

Ուսուցիչների օգոստոսյան շրջանային խորհրդակցության ժամանակ կրթության բաժնի վարիչը տարիներ առաջ գրված զեկուցումը կարդում էր անփոփոխ կերպով՝ փառաբանելով կոմունիստական կուսակցությանը, չէր համարձակվում որևէ բառ փոխել, ուստի պատահում էր, որ գովում կամ վատաբանում էր ուսուցիչների, որոնք արդեն չէին աշխատում…

Իմ աշխատանքի առաջին տարին ներկա եղա այդպիսի մի խորհրդակցության: Կրթության բաժնի վարիչը կարդաց զեկուցումն ու սկսեց քարկոծել Սաթխայի դպրոցի մի ուսուցչի, թե խախտում է աշխատանքային կարգապահությունը, դասերից ուշանում է, օրվա պլան չի գրում:

– Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին դպրոցի տնօրենը,– ասաց կուսակցության շրջկոմի ներկայացուցիչը՝ հայացքով տնօրենին որոնելով դահլիճում:

Ոտքի կանգնեց տնօրենը՝ մի սպիտակահեր, բարձրահասակ մարդ.

– Ի՞նչ մտածեմ,– ասաց,– մարդը արդեն երկու տարի է՝ մահացել է…

Այդպիսի պայմաններում էր ապրում և աշխատում Հակոբյանը: Զարմանալի չէ, որ նա էլ ըստ արժանվույն չգնահատվեց:

● Երբեմն ինչ-որ ընդհանրություն է նկատվում ուսուցչի և իր դասավանդած առարկայի միջև: Այդպիսի տպավորություն էր թողնում մեր պատմության ուսուցիչ Զատիկ Տերտերյանը: Կարծես թե նա ծնվել էր հենց միայն հին աշխարհի պատմության ուսուցիչ լինելու համար: Իր գունատ դեմքով, ճաղատով ու ազդեցիկ քթով, իր անսպառ գիտելիքներով հին հունական փիլիսոփաներին էր հիշեցնում:

Շատ կարդացած մարդ էր, հմուտ մասնագետ: Միջնակարգ կրթությունը Թիֆլիսում էր ստացել, բարձրագույնը՝ Բաքվում, Հավլաբարի հայկական դպրոցի լավագույն աշակերտներից էր եղել:

Մանկավարժական որևէ մեթոդի չէր հետևում, նրա համար գերադասելի էր այն մեթոդը, որը տվյալ պարագայում կարող էր օգտակար լինել երեխային, այն աշխատանքը, որը որոշակի արդյունք էր տալիս: Այդ թեմայով խոսելիս նա միշտ ժողովրդական ասացվածքն էր հիշեցնում՝ մեկը թիով է ձյուն մաքրում, մյուսը՝ թիու պոչով:

Անհաշտ էր քաղքենիության ու կեղծիքի նկատմամբ, ուրիշների պես չէր թաքնվում, չէր շողոքորթում ու հարմարվում ու միշտ ասում էր.

– Իմ լեզուն մի օր գլուխս կուտե:

Երիտասարդ ժամանակ մի բանաստեղծություն էր գրել «Ամբար» վերնագրով, որտեղ գյուղական ամբարը գանգատվում էր, թե կոլխոզ կազմակերպվելուց հետո դատարկ է մնացել: Շրջանում իմացել էին, քիչ էր մնացել դատեին որպես ժողովրդի թշնամու:

Նա համոզմունքի մարդ էր: Կոմունիստական կուսակցության անդամ այդպես էլ չեղավ, թեև մի քանի տարի վարեց մեր դպրոցի տնօրենի պաշտոնը: Դա չլսված բան էր, այն ժամանակ ով կուսակցական չէր, որևէ պաշտոն զբաղեցնել չէր կարող: Նրան ստիպված հանդուրժում էին իր գիտելիքների ու փորձի համար:

– Պաշտոնը էսօր կա, էգուց չկա, մեկ է, պիտի հանեք, արժե՞, որ դրա համար խղճիս հակառակ գնամ,– ասել էր նա, երբ առաջարկել էին կուսակցական դառնալ:

Տերտերյանը չափազանց հաճելի ու հետաքրքիր զրուցակից էր, հումորի հատուկ զգացումով, որով հայտնի էր գյուղում և բոլոր ծանոթների մոտ: Ինքն իր մասին էլ հումորով էր արտահայտվում: Մի անգամ հարցրի.

– Ընկեր Տերտերյան, ասում են Հովհաննիսյանի հետ հաշտվել ես, այդ ինչպե՞ս եղավ, այսքան տարի իրար հետ չէիք խոսում:

– Որ չհաշտվեմ, հետո ու՞մ հետ կռվեմ,– պատասխանեց:

Նրա մասին զվարճալի դեպքեր էին պատմում՝ եղածների վրա հնարելով ու ավելացնելով նորերը, այնպես, որ հետո ինքն էլ էր դժվարանում տարբերել իրականը հնարածից: Պատմում էին, օրինակ, որ աշակերտներից մեկը մի անգամ հարցրել էր.

– Ընկեր Տերտերյան, առյու՞ծը կհաղթի, թե՞ վագրը:

– Ձենդ կտրիր, նրանք իրար չեն հանդիպում,– պատասխանել էր նա:

Այդ պատասխանը թևավոր խոսք էր դարձել:

Երբ լրացել էր նրա հիսուն տարին, ուսուցիչներից մեկը հարցրեց.

– Ընկեր Տերտերյան, բա տուն չպիտի՞ հրավիրես, գանք հիսնամյակդ նշենք:

– Բավական չէ, որ այստեղ ամբողջ օրը երեսներդ եմ տեսնում, ուզում եք, որ տուն էլ կանչեմ,– պատասխանեց ժպտալով և իսկապես, ոչ կանչեց, ոչ էլ հիսնամյակը նշեց:

Տերտերյանը մոլի ձկնորս էր: Աշակերտները երբեմն օգտվում էին նրա այդ թուլությունից: Մի անգամ աշակերտներից մեկը ուշացել էր, ներս էր մտել այն ժամանակ, երբ Տերտերյանը նոր դասն էր պատմում: Բոլորը գիտեին, որ նա սաստիկ զայրանում է, երբ ընդհատում են իրեն նոր դասը բացատրելիս: Նա բարեհոգի մարդ էր ու մեղմ բնավորություն ուներ, բայց այդ բանը չէր սիրում: Այդ անգամ էլ զայրացած հարցնում է.

– Ինչու՞ ես ուշանում, որտե՞ղ էիր:

– Այնտեղ… Սամսոնը Պլատինայի վրա ձուկ էր բռնում, նայում էի:

– Ի՞նչ ձուկ, խոշո՞ր էին:

– Էսպես… խոշոր-խոշոր ձկներ էին…

Այլևս ամեն ինչ մոռացած Տերտերյանը շուտ-շուտ պատուհանից դուրս էր նայում դեպի Պլատինան և ափսոսում, որ այնտեղ չէ:

Ցավով լսեցի, որ նա այլևս չկա:

Նա իր հետ հին ու բարի մի ամբողջ աշխարհ տարավ:

Իսկ ես հույս ունեի, թե դեռ կտեսնեմ նրան գյուղում, կնստենք իր փոքրիկ պարտեզում, ինչպես մի ժամանակ, իր տնկած ծառերի տակ ու կզրուցենք մինչև երեկո, մինչև նախիրը գա ու լճից փչի խոնավ քամին:․

● Մեր տնօրենը Շալիկո Զորօղլյանն էր։ Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին,ուստի նա է իմ հիշողության Տնօրենը։

Նա խիստ էր, բայց արդարացի, անհիշաչար էր և մեծահոգաբար ներել գիտեր, ինչը մարդկային մեծագույն առաքինություններից մեկն է։ Նա լավ էր ճանաչում մարդկանց և կարողանում էր վարվել նրանց հետ, թեև դեռ երիտասարդ էր։

Նրա՝ փոքր– ինչ առաջ թեքված հաղթ ուսերն ու ոչ պակաս հաղթական քիթը հաստատակամություն էին արտահայտում, որ այնպես անհրաժեշտ էր նրա գործում։

Միաժամանակ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ էր։ Գրականագետ Մինաս Հյուսյանի ուսանողն ու համախոհը լինելով, անհաշտ թշնամի էր օտար բառերի գործածության։ Միայն մի բան էր նրան շատ մտահոգում․

– Մեջքս կոտրում է իմ ազգանվան «օղլի»-ն,-ասում էր նա,– եթե հայրս կենդանի լիներ, թույլտվություն կխնդրեի ու կփոխեի։

Բացի այն, որ բնատուր ձիրքեր ու գրական տաղանդ ուներ, նաև օժտված էր ղեկավարի բնածին հատկություններով։ Սակայն այն տարիներին, երբ այնպես շատ էին կեղծիքն ու ձևականությունը, դժվար էր որևէ պաշտոն զբաղեցնել, միաժամանակ պահպանել մարդկային դեմքը։ Զորօղլյանին դա հաջողվում էր, թեև շատ թանկ գնով։

Կեղծիքն ու ձևականությունը շատ էին, բայց, ինչ էլ լիներ, դրանք մեր կյանքի լավագույն տարիներն էին։ Մեր հին զանգի կանչով դպրոց էինք գնում, աշխատում էինք առանց հոգնելու, ամբողջ օրն անցկացնում էինք դպրոցում իրարից անբաժան, հետո էլ երեկոները հաճախ հավաքվում էինք, զրուցում ու բանավիճում։ Կարգերից էինք գանգատվում, ինչպես որ դա կարող էր անել այն ժամանակվա ուսուցիչը լեռնային մի գյուղում, ուր փոստը հասնում էր շաբաթը մի անգամ և ամենամեծ այլախոհությունը համարվում էր Հովհաննես Շիրազի մեքենագիր բանաստեղծություններն ընթերցելը և ուր դեռևս թարմ էին 30-ական թվականների մատնությունների հիշողությունները։ Եվ դեռ չգիտեինք, որ դատապարտված ենք այդ կարգերի անհեթեթ փլուզումը տեսնելու, հետո էլ ցավով ախ քաշելու նրանց համար։

Եվ ամենուրեք մեզ հետ էր մեր տնօրենը, որի ջանքերով միանգամայն առողջ ու անկաշկանդ մթնոլորտ էր տիրում դպրոցում։

Ի միջի այլոց, դա նաև մի լավագույն ժամանակ էր մեր դպրոցի համար, նրա Ոսկեդարն էր։ Նա այլևս չունեցավ ոչ այն տարիների աշակերտների քանակը, ոչ մասնագետների որակը, ոչ էլ ուսման մակարդակը։ Այդ ամենի մեջ մեծ էր երիտասարդ տնօրենի վաստակը, որը և՛ լավ կազմակերպիչ ու ղեկավար էր, և՛ հմուտ մանկավարժ, որ հազվադեպ է պատահում։

Ո՞վ ետ կբերի այն ժամանակը, ո՞վ կտա ինձ նրա հետ աշխատած այն տարիները, որ բաղձալի են Նավասարդի առավոտվա պես։

Ապա ուրիշ օրեր եկան, անշարժ թվացող կյանքը շարժվեց, մեր աչքի առաջ պատմությունը շուռ եկավ ու փոխվեց։ Սովետական Միության փլուզումից հետո Զորօղլյանն ընտրեց գործունեության այլ ասպարեզ՝ ազգային շարժումը։ Այդտեղ էլ նա երևելի դեմք էր, կրակոտ ելույթներ էր ունենում Երևանի հրապարակներում ու բազմահազարանոց դահլիճներում, կուսակցական աշխատանք էր կատարում։

Նա տեղափոխվեց Աշոցքի շրջան ու տարբեր պաշտոններ վարեց՝ կինոցանցի տնօրեն, ջողկրթբաժնի տեսուչ ու մաքսատան պետ։ Սակայն ուր էլ գնաց, որտեղ էլ աշխատեց, մշտապես իր հետ էր հայրենի գյուղի կարոտը։

Հիմա էլ քնում-արթնանում է այդ կարոտը սրտում ու զարմանում է, որ ժամանակի հետ կարոտն ավելի է բորբոքվում, թեև գյուղն ընդամենը մի ժամվա ճանապարհի վրա է։ Նշանակում է ինչ-որ բան այլևս այն չէ, և նա կրկին ու կրկին համոզվում է, որ հանգամանքները զորեղ են մարդուց, զգացմունքները՝ ավելի զորեղ։

● Այժմ փորձեմ մի քանի խոսք գրել մի այլ ինքնատիպ մարդու և ուսուցչի՝ Ղույումչյան Գևորգի մասին:

Նա պայծառ մարդ էր, հիշելով նրան, սիրտս լցվում է թեթև, ուրախ ջերմությամբ, թեև նրա տխուր վախճանը անասելի ցավ է պատճառում:

Ահա տեսնում եմ նրան մեր հին կամրջով քայլելիս: Դա նրա ամենօրյա ճանապարհն էր տնից դպրոց և հակառակը: Անցնում էր, նայում էր ջրերի հոսանքին, մանր ձկներին, որ վտառներով գնում էին դեպի գետի տաք ջրերը, նայում էր դեպի արևելք, լճից բացվող տեսարանին ու շարունակում քայլել: Ձմռանը անպայման մոտենում էր սառույցի վրա աշուղ խաղացողներին, հարց ու փորձ էր անում՝ ով ինչքան է կրել, ինչպիսի աշուղներ ունեն, եթե հաջողվեր, կռիվ էր գցում մեջները և չարաճճի ժպտալով հեռանում:

Նրա մայրը՝ Շուշան տատը, Շիրակից էր, նշանավոր հայդուկ Որսկան Գևորգի աղջիկը: Նրա որդիները ժառանգել էին իրենց պապի արտասովոր ուժը: Գևորգին, որը նրա անունն էր կրում, այդ շնորհից բաժին չէր հասել: Փոխարենը բնությունը նրան տվել էր ճկուն ու հարուստ միտք, ճարտար լեզու և հումորի նուրբ զգացողություն:

Նա զվարթ բնավորություն ուներ: Իջնում էր գյուղամեջ թե չէ, գյուղացիները շրջապատում էին, սկսում էին զանազան հարցեր տալ: Նա պատմում էր Ամերիկայի, սառը պատերազմի, տիեզերագնացների ու կոմունիզմի, այլախոհության, Պաստեռնակի ու Եղիշե Չարենցի մասին՝ անեկդոտներով ու սրամիտ կատակներով զարդարելով խոսքը, իսկ լայնեզր գլխարկի տակից նայում էին ուրախ, մանկական չարաճճի ժպիտով լի աչքերը:

Քանի որ հայերենի դասերը բոլորին չէին բավարարում, նա կողմնակի դասեր էր վերցնում՝ քիմիա, կենսաբանություն: Գեղարվեստական պատկերավոր լեզվով նա խոսում էր քիմիական, կենսաբանական երևույթների մասին:

– … Մանրէները հավաքվում են գաղտնի խորհրդակցության, դավադրություն են կազմակերպում… Ուղարկում են իրենց արագընթաց սուրհանդակներին կենտրոնական նյարդային համակարգի շտաբը… Փորձում են բանակցություններով համաձայնության գալ, երբ չի հաջողվում, պատերազմ են հայտարարում…

Սակայն, ըստ երևույթին, շուտով այդ ամենը նրան ձանձրացրեց, տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ կարճ ժամանակում հայտնի դարձավ որպես հայոց լեզվի ու գրականության առաջնակարգ մասնագետ:

 

Այնտեղ հիվանդացել էր ու զրկվել ձայնից;

Ուշ աշնան մի ցուրտ երեկո նա հասել էր գյուղ ու թակել հայրական հին տան դուռը, ինձ այդպես պատմեցին: Մտնելով ներս, վերցրել էր թուղթ ու գրիչ և որպես պատասխան եղբոր հարցերին, գրել էր իր պարզ, բոլորին ծանոթ ձեռագրով՝ եկել եմ մեռնելու…

Ու մի քանի օր հետո մահացել էր:

Միշտ հիշում եմ նրան ու հիշելով ապշում եմ, թե որքա՜ն անսպառ ու նենգ են բնության հնարները մարդ արարածին նսեմացնելու, ցավ ու տառապանք պատճառելու համար:

● Հովհաննիսյաններից՝ այսինքն Զարո մորքուրիս ընտանիքից, չորս մանկավարժներ են դուրս եկել: Աղասին և Վաղարշակը երկար տարիներ աշխատեցին մեր դպրոցում, մեծ է նրանց վաստակը մեր գյուղի առաջ: Լիզան աշխատեց մի քանի տարի: Իմ սիրելի քույրը, իմ փոքրիկ Լիզան… Սիրտս ցավում է նրան հիշելիս: Աստված նրան ծանր վիշտ տվեց, որովհետև… շատ էր սիրում… Ավելի հասկանալի կլիներ, եթե երջանկություն տար իր անբիծ մաքրության ու պարկեշտության համար:

Այժմ մի քիչ գրեմ նրանց մյուս քրոջ՝ Նազիկի մասին:

Երևանը նրան բարձր կրթություն էր տվել, իսկ բնությունը՝ գեղեցկություն, համեստություն և մանկավարժի ձիրք:

Նրա էությունը սերն էր, համբերությունն ու նվիրումը:

Աստված կնոջը որպես նվեր է ստեղծել:

Կնոջ գեղեցկությունն ու հմայքը, կնոջ քնքուշ, բայց զորավոր ուժը իր ընտանիքին ու իր գործին նվիրվելու հատկության մեջ է:Դա մի հատուկ բան է, որ թաքնված է սիրո ու պարտքի միջև, երկուսի միությունն է, երկուսից էլ բարձր ու վեհ է: Այդպիսի շնորհով օժտված կինը Աստվածամոր օրհնյալն ու սիրելին է:

Այդպիսին էր Նազիկը:

Նա շուտով ամբողջ գյուղի ու դպրոցի սիրելին դարձավ: Նրա գնալուց հետո շատ տարիներ են անցել, բայց հիմա էլ կարելի է լսել հպարտությամբ ասված որևէ մեկի խոսքը.

– Ես հարգելի Նազիկի աշակերտն եմ եղել:

Նա կապվում էր երեխաների հետ իր ազնիվ հոգու ողջ անկեղծությամբ, երբեք ձայնը չէր բարձրացնում, չէր կոպտում, սովորեցնում էր սիրով ու համբերությամբ:

Ցրտից ու շներից էր շատ վախենում: Դպրոցի ճանապարհին, եթե հեռվից մի շուն տեսներ իր համար թափառելիս, պիտի կանգներ, մինչև մարդ երևար՝ օգնության կանչեր: Կանչելիս էլ վախից միշտ անունները մոռանում էր.

– Ծո, ինք ջան… բան ջան…

Մեր հին, մեր սիրելի ուսուցչանոցում մի ռադիոընդունիչ ունեինք նվագարկիչով և մի հատիկ ձայնապնակ, որի մի երեսին Վլադիմիր Աբաջյանը Տերյանի բանաստեղծություններն էր կարդում, մյուս երեսին հատվածներ էին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից: Օրերով, ամիսներով ես ու Նազիկը այդ ձայնապնակն էինք պտտեցնում:

Երբ պայծառ օրդ տխուր կմթնի,

Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած,

Վհատ սոսկումի տանջանքով կզգաս,

Որ որոնածդ բնավ չես գտնի…

Խռպոտ ձայնով կարդում էր Աբաջյանը:

Իսկ երբ շրջում էինք մեր միակ ձայնապնակը, Վարդուհի Վարդերեսյանը հարցնում էր.

– Իսկապե՞ս նրա սիրտը լեռներում է:

– Ոչ ամբողջովին, Ջոնի,– հնչում էր պատասխանը:

Նազիկը սիրում էր ամեն ինչ, որ դասական է, իսկ Կոմիտասին պարզապես պաշտում էր, միշտ երգում էր ինքն իրեն տունը ավլելիս, ճաշ եփելիս, երբ իրենց պատուհանի առաջ մայրամուտն էր դիտում, երբ ուրախ էր, երբ տխուր էր:

Բոլոր փեսացուներին մերժում էր, ինչքան մերժում էր, այնքան ավելի շատ էին գալիս, վերջը Մարտունը գերեց նրա սիրտն ու տարավ Խաչեն: Այլևս չտեսա նրան, ով ինձ համար ավելին էր, քան սիրելի քույրը:

Ամուսնու մահից հետո Նազիկը մենակ մնաց մեծ տան մեջ:

Բոլորը գնացին, իսկ նա չլքեց ամուսնու գերեզմանը:

Հիմա մեկ-մեկ հեռախոսով խոսում եմ հետը, ասում է, որ դեռ պահում է իմ նամակները: Լսում եմ նրա աղջկական մաքուր ձայնը, որ առաջվա նման քնքուշ մեղեդու պես է և թվում է, թե հիմա կերգի, ինչպես այն ժամանակ, մեր հին ուսուցչանոցում.

Ամպի տակից լույսն երևաց, Շողեր ջան…

● Աշխարհագրության ուսուցիչ Պողոսյանը Ախալքալաքի գյուղերից էր, նախկին հաշվապահ ու պատերազմի մասնակից: Աշխարհագրությունը նա գիտեր «մոտավորապես» և բնավ չէր հոգում այդ բանը թաքցնելու համար: Աշակերտները խաղում էին հոգու հետ.

– Հարգելի Պողոսյան, Լոնդոնը որտե՞ղ է:

– Լոնդո՞նը: Ահա Լոնդոնը,– մոտավորապես ցույց էր տալիս Պողոսյանը՝ խոշոր ձեռքով ծածկելով Մեծ Բրիտանիան և Հյուսիսային ծովի մի քանի կղզիներ:

● Հիշում եմ Քոշտոյանին, անկարելի է նրան մոռանալ: Նա էլ եկվոր էր, ընտանիքով Կոկոնայենց Ծառուկի տանն էր ապրում:

Կարգին կրթություն չուներ, մեկ ֆիզկուլտուրա էր պարապում, մեկ ձեռքի աշխատանք ու բուսաբանություն, պատերազմի մասնակից էր, մի բան պիտի պարապեր:

Աշակերտներին զբաղեցնելու համար դեպքեր էր պատմում իր պատերազմական կյանքից: Հաճախ մոռանում էր, թե որ դասարանում ինչ է պատմել մյունխհաուզենյան մեղանչումներ էր թույլ տալիս, իսկ աշակերտներն ուղղում էին.

– Էն անգամ Ձեր բռնած գերմանացիները երկու հոգի էին, ոչ թե չորս: Կամ՝ անցած դասին Ձեզ պարգևատրողը գնդապետ էր, ե՞րբ գեներալ դարձավ:

Նա վարժ տիրապետում էր միայն «քսըր-փսըր»-ի մեթոդին: Ամեն ինչ լսում էր, ամեն ինչ գիտեր ուսուցիչների ու աշակերտների մասին: Մանավանդ քաջատեղյակ էր սիրային գործերին, ոչինչ չէր վրիպում նրա վավաշոտ հայացքից, ամենանվիրական, թաքուն զգացմունքները հայտնի էին նրան, լսածն անմիջապես տարածում էր, հայտնում էր ում պետք էր և ինչպես պետք էր: Հայտնելիս գլուխը մի յուրօրինակ ձևով ցնցում և թավ հոնքերը վեր ու վար էր շարժում: Խառնում էր բոլորին իրար, ինքը մնում էր անմեղ, բանից անտեղյակ:

Իսկ գիշերները, երբ բոլորը քնում էին, սրա-նրա հասցեին վարկաբեկող անստորագիր նամակներ էր գրում և հաճույքից դարձյալ գլուխը ցնցում էր:

Այդ հատկությունները տեղյակ մարդիկ վերագրում էին նրա մութ ծագմանը, ինչ-որ բոշայական բան կար նրա մեջ հորական տատի կողմից:

Մի տղա ուներ Էդիկ անունով: Նրա մարզական կապույտ համազգեստն ու վառ կարմիր, խոշոր գնդակը՝ միա՛կը մեր գյուղում, բոլոր տղաների հիացմունքի ու նախանձի առարկան էին:

Ուրախ ցատկոտում էր այդ մենավոր գնդակը մեր գյուղի քարքարոտ կալերում, իսկ Էդիկը ոչ ոքի չէր թողնում անգամ ձեռք տալու նրան:

Երկու աղջիկ ուներ Քոշտոյանը, իր նման բարձրահասակ ու բարալիկ: Բանաստեղծություն էին գրում: Եթերային երկու գեղեցիկ էակներ էին, մեր գյուղի քար ու ցեխից բարձր, բանաստեղծական վերին ոլորտներում էին ճախրում՝ ներքևում ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով, հատկապես տղաների:

Հայրն էր տուժում այդ պատճառով. տղաները չարություն էին անում նրա դասերին՝ իբր թե վրեժ լուծելով աղջիկներից ու Էդիկից՝ նրա կարմիր գնդակի համար:

Իսկ Քոշտոյանը ծեծի էր դիմում, այդ գործում էլ նա հմուտ էր: Բացի ծեծի դասական գործիքից՝ քանոնից, օգտագործում էր ճիպոտներ, մետաղալարեր, թոկ ու պարան, ընդ որում երբեմն Պողոս Առաքյալի նման, որն իր հետևորդներին հարցնում էր՝ գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ խաղաղությամբ, նա էլ պատժի միջոցների ընտրությունը զոհին էր թողնում՝ ուզում ես ծամիր այս մետաղալարը, ուզում ես ճիպոտի տասը հարված ստացիր:

Այդ ամենից հետո չէր քաշվում և պահանջում էր, որ աշակերտները մածուն կամ պանիր բերեին տներից և անհոգությամբ վայելում էր դրանք:

Այդ անհոգությունն ի վերջո չարիք բերեց նրան:

Ծնողների բողոքները շրջկենտրոն հասան, նրան տեղափոխեցին, տարան մեր դպրոցից:

Այդպես էլ էր պատահում: Սուրբ գիրքն իզուր չի ասում, թե հերձվածողներ էլ պետք է լինեն, որ ընտիրները երևան:

Նրա գնալու օրը, այնուամենայնիվ, մի տեսակ տխուր էր, տխուր էին անգամ նրա եթերային աղջիկները, թեև այդպես ավելի գեղեցիկ էին:

Բոլորը դպրոցի դռանը լուռ կանգնած նայում էին: Մեկ էլ տղաներից մեկը, որին հատկապես շատ էր ծեծել ու պանիր ուզել, խոսեց ինքն իրեն, ավելի ճիշտ՝ ինչ որ մտածում էր, ասաց բարձրաձայն.

– Կերածդ պանիրը քթեդ գար, հարգելի Քոշտոյան, գոնե լավ էր, որ մամս կաթի երեսը քաշում էր:

Ծիծաղեցին, և տխրությունն անցավ:

● Իսկ Հախվերդյան Գաբրիելը մեկն էր այն մանկավարժներից, ովքեր իրենց աշխատանքով մեծ ծառայություն մատուցեցին մեր գյուղին ու դպրոցին:

Նա Գանձայից էր: Առավոտ կանուխ ոտքով գալիս էր իրենց գյուղից, հասնում էր առաջին դասին ու երբեք չէր ուշանում: Խոշոր, ծանր սապոգները հագին, լայն-լայն գցում էր քայլերը, գանձացի մյուց երկու ուսուցիչները՝ Դուրգարյան Հրաչն ու Կյուրեղյան Արփիարը հազիվ էին հասնում ետևից:

Նա մեր դպրոցում տարածեց շախմատն ու ֆուտբոլը, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, մեծ ջանքեր գործադրեց, որ մեր յոթնամյա դպրոցը միջնակարգ դարձնեն:

Մաթեմատիկայի հմուտ մասնագետ էր: Դասերը վարում էր մի զարմանալի թեթևությամբ՝ մաթեմատիկան դարձնելով հրապուրիչ ու հետաքրքիր: Ամեն անգամ նոր դասը բացատրելուց հետո իր գրածների տակ գրատախտակին մի հոծ գիծ էր քաշում ու միշտ ասում էր.

– Այսպիսով, ապացուցեցինք այն, ինչ ցանկանում էինք ապացուցել;

Ասում էր, կավիճը նետում էր սեղանին ու սկսում էր տենդորեն խառնել գրպանները՝ ծխախոտ որոնելով: Ապա, հիշելով, որ դասի է, շուտ-շուտ ժամացույցին էր նայում, թե ե՞րբ պիտի դասը վերջանա, որ ծխի:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17 
Рейтинг@Mail.ru