Միկան

Egretta Garzetta
Միկան

_Մա՛մ, ես լա՛վ եմ։ Կպատմես ի՞նչ է պատահել։

Մայրը ժպտաց ու շոյեց նրա երեսը։ Միայն մի քանի օր անց դստեր հիշողությունը սկսեց վերականգնել կատարվածը։ Մոր կցկտուր պատասխաններից Նինան հասկացավ, որ իրենց կողոպտել են, իսկ ինքը անհարմար պահ է մտել մեջ, խանգարել։ Ինչքա՜ն էլ աշխատում էր մանրամասնորեն վերականգնել իրադարձությունները, չէ՛ր ստացվում։ Մշուշոտ ու աղավաղված պատկերներ էին ներկայանում նրա առաջ։

_Գողը՛ փրկե՛ց քեզ։ Խիղճը չէ՛ր մեռել նրա մեջ։ Կամ վախեցա՞վ… կամ չգիտե՛մ էլ ինչպե՞ս բացատրեմ…,_անկեղծացավ իրենց փաստաբանը, երբ նրանք գնացին ոստիկանություն։

Տեսավ հանցագործներին միայն դատի ժամանակ։ Ավելի ճիշտ առաջի՛ն դատի։ Տեսախցիկների շնորհիվ պարզվեց, որ այն գիշեր իրենց տուն երկու խումբ գող են մտել։ Երկուսն էլ իրարից անտեղյա՛կ․․․ ինչպես նաև անտեղյակ նրանից, որ Նինան ծնողների հետ թատրոն չի գնացել։ Որոշել է հանդիպել դասարանի աղջիկներին․ շուտով դպրոցը ավարտելու հնգամյակն էր, նկարների համար վերադարձավ։ Երկրորդ դատին տեսավ իրեն փրկողին։ Չճանաչե՛ց։ Միայն երբ լսեց ձայնը, հիշողությունը ավտոմատ մեքենայի նման ամեն ինչ դրեց իր տեղը։ «ի՞նչ անենք… կանչի՛ր շտապ օգնություն… արյունաքամ է լինում… քեզ ասում եմ, կանչի՛ր շտապ օգնություն»։ Երբ եկավ իր հերթը ու կանչեցին, տեսավ ի՜նչ աչքերով նայեց իրեն երիտասարդը։ Բայց չհասկացավ, թե ի՞նչ էր նշանակում այդ հայացքը։ Գուցե փոշմանեց, որ կենդանի թողեց․․․ չնայած ինքը չէր հարվածել։ Իր կյանքի փրկությունը դարձավ նրա դատավճիռը։ Դատից տուն գնալիս զգաց, որ նա իրեն ուզում էր ինչ-որ բան ասել։ Բայց վախենում էր նույնիսկ նայել այդ մազակալած դեմքով ու սառը հայացքով երիտասարդին։ «Միկա՛… Միկա՜, է անունը»։

Рейтинг@Mail.ru